Արխիվ: հունվար, 2014

Տիեզերքը շրխկաց

Ես քեզ տեսա, ու հանկարծ,
Տիեզերքը շրխկաց:
Ես քեզ տեսա, ու ասես
Սիրտս վառվեց արի պես:
Ես քեզ տեսա քարացա`
Անմահության տեր դարձա,
Ինձ քո գիրկն ես հմայում,
Ոնց լուսընծան խավարում:

Ես քեզ տեսա, հասկացա,
Որ անցյալս մոռացա:
Էլ չի հուզում ապագաս,
Մի տենչ ունեմ՝ մոտս գաս:
Փոթորկում է իմ հոգին,
Ա˜խ, կտեսնե՞մ քեզ կրկին,
Ու կփարվե՞մ նորից քեզ,
Իմ կյանքի նոր ասպարեզ:

Էլ ի՞նչ ներկա, ապագա,
Լուսնի տակ էլ դրախտ կ’ա,
Եդեմից ինձ բերեցիր,
Կարմիր խնձոր տվեցիր:
Հիմա ես քոնն եմ հավետ,
Ափիոնադաշտ բուրավետ,
Դյութիչ գինով լի գավաթ
Իմ հույս, իմ սեր, իմ հավատ:

Ես քեզ տեսա, ու պարզվեց,
Որ երկնի դուռը բացվեց,
Ինձ աստծուն ես մոտեցնում,
Հավերժի մաս ես դարձնում:
Ես օդերում եմ քայլում
Քո խաշխաշը վայելում,
Երբ քեզ տեսա անկասկած
Տիեզերքը շրխկաց: