Դու՝ այնքան հեռու, այնքան անհաս ես՝
Տարածության մեջ և ժամանակի,
Ախ, բայց ինչ անեմ, ուրիշի հարսն ես,
Ու ես դժբախտ եմ, դժբախտ՝ կրկնակի։
Դու ինձ կանչում ես ու ինձ տանջում ես
Ուրիշի մահճից, ուրիշի գրկում,
Ճոխ պատրանքներս անսիրտ ջնջում ես
Իրականության այրող կրակում։
Դու ուրիշինն ես, ուրիշի կեսն ես,
Քեզ սիրել, տենչալ ինձ չի կարելի,
Բոլոր կանանցից ամենախասն ես՝
Իմ ամենաթանկ օտար-սիրելի։
Ուրիշ սեղանի գինով լի թասն ես,
Իմ անուրջների չքնաղ դիցուհի,
Ու ցնորհքներիս ելքի դարպասն ես,
Ինձ քո սիրուց ետ ոչինչ չի պահի։
Բայց ես սիրում եմ ու պիտի սիրեմ,
Թող որ անիմաստ ու անպատասխան,
Իմ երկինքներում քեզ պիտի տիրեմ՝
Կյանքի ու մահու ոլորան խաղում։
Թեկուզ հեռու ու ուրիշի հարսն ես,
Դու՝ իմ փուչ երազ՝ քնած թե արթուն,
Ախր, չէ որ դու իմ սրտի մասն ես՝
Իմ հոգու գինին օտար գավաթում:

